Home page

Go Back   MyHayastan Forum > Art Zone > Cinema & TV

Reply
 
Thread Tools Display Modes
Old 30-11-2006, 18:18   #21
Bella
 
Bella's Avatar

MusiC is my BoyfrienD


Join Date: Feb 2006
Location: N/A
Posts: 1,718
Rep Power: 13

Bella will become famous soon enough

Bella is offline
Default

Quote:
Originally Posted by Aurora

Ա. Հարությունյանի խոսքով, վերջին անգամ նման մեծամասշտաբ աշխատանքներ կինոյի բնագավառում եղել են Մխիթար Սպարապետ ֆիլմի նկարահանման ժամանակ:

Նշենք, որ ֆիլմում հայտնի դերասաններ չեն լինելու` գլխավոր հերոսների դերում հանդես կգան Խորեն Աբրահամյանի թոռը` Խորեն Լևոնյանը և Լուսինե Թովմասյանը:

Panorama.am


Լուսո ! քո պրոդյուսերի քայլերն ինձ դուր են գալիս
Reply With Quote

Old 01-12-2006, 23:59   #22
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Կարրասկոյի հայելին

Իտալական կինոյի ինքնօրինակ վարպետներից մեկը` Մարկո Ֆերրերին, որ կյանքից հեռացավ 1997-ին` իր 70-ամյակի նախաշեմին, կենդանության օրոք մեծ սադրիչի համբավ էր վաստակել: Նրա աննախապաշար գործերը, սարսափի մատնելով կեղծ բարեպաշտներին ու բարոյականության պահապաններին, հաճախ էին բուռն ընդդիմությամբ, կրքոտ բողոքներով լի թոհուբոհի տեղիք տալիս:

Ֆերրերիի անունը հայտնվեց բոլորի շուրթերին, երբ նրա Մեծ կերուխումը 1973-ին խլացուցիչ աղմուկ հանեց Կաննում` բորբոքելով ամենաթունդ սկանդալներից մեկը փառատոնի պատմության մեջ: Մինչ Ֆերրերիի մաղձոտ ֆիլմի սարկաստիկ փայլով հմայված քննադատները Մեծ կերուխումին շնորհեցին իրենց մրցանակը, հանդիսասրահը, որ ասես շառաչուն ապտակ էր ստացել, եռում էր վրդովմունքից: Նման սուր արձագանքը, փաստորեն, այն իրողության հավաստումն էր, որ Ֆերրերիի ալեգորիկ, բազմաշերտ պատմությունն ընկալվել է սոսկ ուղղակի իմաստով, խիստ բառացի: Խոսքը, առաջին հերթին, ֆիլմի վերնագրում մատնանշված գլխավոր մոտիվի` մեծ կերուխումի մասին է: Ֆերրերիի հերոսները` չորս հին ընկերներ, որոնց մարմնավորել է առաջնակարգ մի դերասանախումբ` ի դեմս Մարչելլո Մաստրոյաննիի, Ուգո Տոնյացցիի, Միշել Պիկոլիի եւ Ֆիլիպ Նուարեի, հավաքվում են մեկուսի առանձնատանը` անզուսպ խրախճանքի, որը ռաբլեական որկրամոլության չափեր առնելով, վերածվում է կյանքի հետ հաշիվները մաքրելու գաստրոնոմիական եղանակի: Կերուխումը կամ սպառումը, ըստ Ֆերրերիի, բուն գոյության արտացոլումն է մեր հասարակության մեջ, այլ կերպ ասած, այդ հասարակության խորհրդանիշը: Նա հիշատակել է Տրիմալքիոնին` անտիկ գրականության հայտնի նմուշներից մեկի` Սատիրիկոնի հերոսին, որը կյանքի իմաստը տեսնում էր հենց հրեշավոր որկրամոլության մեջ: 60-ականների վերջին Սատիրիկոնն էկրանավորած Ֆելլինին զեխ զվարճանքների, պաթոլոգիայի ու շվայտության մեջ թաղված Հին Հռոմը կամա, թե ակամա համեմատել է արդի աշխարհի հետ` տեսնելով կյանքը վայելքների մեջ մսխելու նույն կույր ծարավը, նույն հուսահատությունն ու թեթեւամտությունը, սպառողական նույն վերաբերմունքն ու հոգեւոր էության կորուստը: Պազոլինին, սեփական խոսքերով, իրեն բանտարկյալ էր զգում սպառողական դժոխքի վերածված այդ հասարակության մեջ: Ֆերրերին պամֆլետիստի կրքով պատկերում է Պազոլինիի մատնանշած սպառողական դժոխքը, որտեղ բովանդակազուրկ մարդը, ըստ էության, հանգել է լոկ իր ֆիզիոլոգիային ու բնազդային մղումներին: Կլանելու սեւեռուն մարմաջը Մեծ կերուխումի հերոսներին ստիպել է համեմատել Հերբերտ Մարկուզեի սահմանած միաչափ մարդու հետ, որով նա բնորոշում է անհատի ճգնաժամը հետարդյունաբերական կամ սպառողական հասարակության մեջ: Այս ճգնաժամը Մեծ կերուխումից մի քանի տարի անց ստեղծված Մնաս բարով, արու ֆիլմում հանգել է քաղաքակրթության մայրամուտին: Ֆերրերիի հերթական պայթուցիկը 1978-ին Կաննի փառատոնում հենց նետված ռումբի տպավորություն էլ գործեց, թեեւ, ինչպես կատակում էր ռեժիսորը, ձիու տարում Մնաս բարով, արու-ն ներկայացավ կապկի նշանի տակ. նա նկատի ուներ նաեւ Բարբեթ Շրյոդերի Կոկոն` խոսող գորիլան ֆիլմը, որ միաժամանակ ներկայացված էր Կաննում: Ֆերրերիի նոր տրագիֆարսը` Ժերար Դըպարդյոյի եւ Մարչելլո Մաստրոյաննիի մասնակցությամբ, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: Սա արդեն նրա հինգերորդ համատեղ աշխատանքն էր իր մեծ բարեկամի` Մաստրոյաննիի հետ, որի նկատմամբ մեծ թուլություն ուներ եւ 1983-ին մի անգամ եւս պիտի նկարահաներ Պիեռայի պատմությունը դրամայում` Հաննա Շիգուլայի եւ Իզաբել Յուպերի ընկերակցությամբ: Իսկ Ժերար Դըպարդյոյի համար Մնաս բարով, արուն-ն նշանավորեց նրա երկրորդ եւ վերջին կինոհանդիպումը Մարկո Ֆերրերիի հետ: Դրանից երկու տարի առաջ Դըպարդյոն խաղացել էր նրա Վերջին կինը ֆիլմում: Մնաս բարով, արու-ն, ինչպես եւ վերնագիրն է հուշում, ասես վերջին տղամարդու տրտմաշունչ ոդիսականն է: Ֆերրերիի սեւեռուն մտքերից մեկը, որ շարունակ հոլովվում է նրա գործերում, արական նախահիմքի իսպառ արժեզրկման գաղափարն է` Հին Հռոմի պես խորտակման ուղին բռնած ներկայիս աշխարհի ֆոնին: Վիլհելմ Ռայխի հայացքների ազդեցության տակ` նա համոզված էր, թե առնացի, ճնշիչ քաղաքակրթությունը լիովին սպառել է իրեն, եւ վրա է հասել երկրորդ մայրիշխանության ժամանակը: Մնաս բարով, արու-ն, այս առումով, Ֆերրերիի ծրագրային ֆիլմերից է, առականման այլաբանություն, որտեղ գրոտեսկն ու աբսուրդը կոչված են մարդկության ճգնաժամի եւ վերահաս կործանման համապատկերն ընդգծելու: Ապագան կինն է. այսպես կկոչի Ֆերրերին իր հետագա ժապավեններից մեկը, ինչպես ինքն էր ասում, աղետալի լավատեսությամբ: Այդ խաբուսիկ հուսո պատկերը մոր կերպարանքն է իր զավակի հետ` ծովափին, ջրի տարերքից ծնվելիք նոր կյանքի ցնորալի երազը, որ Ֆերրերին ֆիլմից ֆիլմ, այս կամ այն կերպ շարունակ կկրկնի որպես վերջաբան: Ժերար Դըպարդյոն նրան համարում է պոետ, որը միշտ ձգտում էր իրերի խորքը թափանցել, ամենահեռուն հասնել, ուստի, ավելացնենք, նրա գործերում քողազերծ ճմարտության ցավն ու դառնությունը կան: Բայց Ֆերրերիի ֆիլմերի առնչությամբ ամենից հաճախ հիշատակվել է այն հանգամանքը, որ նա կինոյում հայտնվելուց առաջ անասնաբույժի կրթություն է ստացել: Այդ կենսագրական փաստը իր կնիքն է դրել նրա ստեղծագործության վրա. իր հետաքրքրությունը կենդանիների վարքագծի, բնազդների, հիվանդությունների նկատմամբ Ֆերրերին ասես տեղափոխել է մարդկանց վրա: Տուրք տալով այս մեկնակերպին` նա ինքն էլ առիթը չի փախցրել նշելու, որ հենց անասնաբույժի հետաքրքրասիրությունն էլ դրդել է իրեն քննելու, թե ինչպես է ստեղծված եւ ինչպես է գործում մարդ մեքենան: Մեծ կերուխումի համաձայն` սպառողի վերածված մարդը սննդի յուրացման մեքենա է:

Սեւ հումորն ու գրոտեսկը Ֆերրերիի սիրած զենքերն են, որ նա, ըստ իր կենսագիրների, փոխ է առել իսպանական գրականությունից ու կինոյից, հատկապես Բունյուելից, երբ 50-ականների կեսից մինչեւ 60-ականների սկիզբը ապրում ու աշխատում էր Իսպանիայում: Բունյուելն էլ ժամանակին տարված էր միջատաբանությամբ, եւ այդ հափշտակության հետքերը նույնքան նկատելի են մեծ իսպանացու պատկերած մարդկային կատակերգության մեջ, որքան անասնաբույժի անցյալը` նրա իտալացի ժառանգորդի ֆիլմերում: Բայց Ֆերրերին, որպես կանոն, իր հերոսների կյանքի կատակերգությունը փոխարկում է ողբերգության կամ առնվազն տրագիֆարսի: Նրա ֆիլմերը խորտակման, ինքնաոչնչացման ուղին բռնած հասարակության պատկերն են, բարգավաճող քաղաքակրթության հակառակ երեսը, Կարրասկոյի հայելի, ուր տեղ չկա դոնկիխոտյան պատրանքների ու անուրջների համար:

Զավեն Բոյաջյան



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 02-12-2006, 00:37   #23
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՆՈՐ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ

Երկու հայը դավադրություն է, երեքն` արդեն հեղափոխություն է: Այսպես կատակեց հայտնի սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանը` նստելով Ջիվան Գասպարյանի կողքին, հրաշագործ դուդուկահարի, ինչպես նրան անվանել է ռուսաստանյան Նեզավիսիմայա գազետա-ն` Ջ. Գասպարյանի Մոսկվայում կազմակերպած երեկույթի մասին իր հոդվածում: Չնայած այդ երեկո հեղափոխական էր միայն երաժշտությունը,- գրում է թերթը:

Լրագրողների հետ հարցազրույցում Ջ. Գասպարյանը տեղեկացրեց, որ օրերս վերադարձել է Լոնդոնից, որտեղ մասնակցել է Ադամանդ կոչվող հոլիվուդյան ֆիլմի համար հերթական ձայնագրությանը: Վերջերս նա ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ շուտով կկայանա նրա համերգը Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ:

Խոսելով իր ծրագրերի մասին` Ջ.Գասպարյանը տեղեկացրեց նաեւ, որ ցանկանում է Հայաստանում ծնողազուրկ երեխաների համար երաժշտական դպրոց բացել:



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 03-12-2006, 22:29   #24
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Սիրանո դը Բելմոնդո

Ժան-Պոլ Բելմոնդոն արդեն 73 տարեկան է, սպիտակած ծերուկ:



Ուղիղ կես դար առաջ էր, երբ նա առաջին անգամ կանգնեց կինոխցիկի առաջ` խաղալով ֆրանսահայ Նորբեր (Նուբար) Թիլդյանի Մոլիեր կարճամետրաժ ֆիլմում: Ի նշանավորումն այս տարելիցի` Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը նրան Գրականության եւ արվեստի շքանշանի կոմանդորի կոչում է շնորհել: Բելմոնդոն այլեւս չի նկարահանվում, աստեղային տարիները մնացել են ետեւում, նա ավելի շատ պատկանում է անցյալին, քան ներկային. վերջին ֆիլմը` նրա մասնակցությամբ հինգ տարի առաջ ասպարեզ եկած Ֆերշո ավագը հեռուստատեսային կինոնկարն է: Sic transit gloria mundi` Անցողիկ է փառքը աշխարհիկ, - ասում էին հին հռոմեացիները: Մինչդեռ տասնամյակներ շարունակ եվրոպական կինոյում գոյություն ուներ մի հաստիք, որը ենթակա չէր էկրանից փչող տարանցիկ հովերին: Այդ հաստիքը կոչվում էր հորինովի կեղծանվան պես հնչեղ ազգանունով` Բելմոնդո, որը Ժան-Պոլը ժառանգել է ճանաչված քանդակագործ հորից: Ավագ Բելմոնդոյի անվամբ է կոչվում Փարիզի փողոցներից մեկը, ուրեմն, եզրակացնում են լրագրողները, կրտսերի անվամբ, որին ֆրանսիացիները գորովանքով Բեբել են կոչում, այլեւս փողոց չի կոչվի: Բայց դրա կարիքը չկա էլ. Բելմոնդոյի անունն ընդմիշտ դրոշմված է ֆրանսիական կինոյի խաչուղիներում:
Նրա աներեւակայելի կերպարանքը, որ աղետալիորեն չէր համապատասխանում աստղային տեսքի չափանիշերից ոչ մեկին, հաստ շուրթերն ու ջարդուտրոր քիթը ավելի շուտ հիշեցնում էին խեղկատակի, լավագույն դեպքում` Սիրանո դը Բերժըրակի կամ Կվազիմոդոյի նման գրական հերոսների: Բելմոնդոյի կենսագրությունը լի է չիրականացած մարգարեություններով: Երբ նրա հայրը դերասան դառնալու երազանքով տարված որդու ընդունակություններն ստուգելու համար հրավիրեց իր բարեկամին` Կոմեդի Ֆրանսեզի հայտնի դերասաններից մեկին, վերջինս Ժան-Պոլին խնդրեց Լաֆոնտենի առակը կարդալ: Հուզմունքից գլուխը կորցրած` նա սկսեց սոսկալի ծամածռություններով թռի-վռի ճպուռի պատմությունն անել: Դատավճիռն անմխիթարական էր. դերասանության պիտանի չէ, անհրաժեշտ է ուրիշ զբաղմունք գտնել:
Հետագայում` դերասանական արվեստ ուսանելու տարիներին, Բելմոնդոյի ուսուցիչը, որի մտքով երբեք չէր անցնի, թե իր սանին վիճակված է առնական գրավչության նոր չափանիշ սահմանել, նրան ասում էր. Անհնար է պատկերացնել, թե ինչպես է բեմում քո մռութով մեկը գրկում կնոջը: Հանդիսատեսը դրան չի դիմանա: Իսկ հանդիսատեսին այդ մռութը զավեշտական դիմակ էր թվում: Երբ երիտասարդ Բելմոնդոն, թատերախմբի հետ գավառում շրջելիս, Մեդեա ողբերգության մեջ ներս էր ընկնում բեմ ու աղաղակում. Օ~, սարսափ: Հրդե~հ է, հրդե~հ: Յասոնը մեռավ, ամբողջ դահլիճը ծիծաղից ջուր էր կտրում, եւ ձախորդ դերասանի խաղընկերներն անգամ քրքիջը հազիվ էին զսպում: Ես կորած էի, եթե բարդույթներ ունենայի, - հիշում է Բելմոնդոն, որ դեռ Պասկալի քոլեջում ուսումնական դասընթացի փոխարեն բռունցքները գործի դնելու դասընթացն էր սերտել: Նա մինչեւ օրս էլ սեփական դավանանքին է հետեւում. Դերասանը բռնցքամարտիկի նման է: Ռինգում հաճախ են հանդիպում նույն ֆիզիկական տվյալներով ու քաշով մարզիկներ, այնինչ տարբերությունը բռունցքի թափն է, որ նրանցից մեկին չեմպիոն է դարձնում: Կարելի է հիանալի դերասան լինել եւ զուրկ այն կայծից, որ հենց ի սկզբանե վճռում է ամեն ինչ: Եթե այդ կայծն ունես, դա դեռ չի նշանակում, թե անպայման մեծ աստղ կդառնաս, բայց եթե չունես, ուրեմն անկարող ես փառքի որոշակի սահմանագիծն անցնել:
Բելմոնդոյի հռչակը, հակառակ անհեռատես գուշակությունների, փառքի բոլոր սահմանագծերն էլ անցավ: Տասնամյակներ շարունակ նա չեմպիոնի պատվանդանին էր: Երբ սկսեցի նկարահանվել, - պատմում է Բելմոնդոն, - համոզված էի, թե գարշելի սֆաթ ունեմ: Հետո պարզվեց, որ սխալվում էի: Իմ անկաշկանդությունը, ջարդված քիթն ու բաճկոնը դուր եկան:
Բելմոնդոյին, որ խաղացել է 81 ֆիլմում, հաճախ էին հանդիմանում, թե կուլ է գնացել թեթեւամիտ, ժամանցիկ կինոյի հորձանուտին, եւ ֆիլմից ֆիլմ անցնող նրա հերոսը չունի այն հոգեբանական խորքը, որ հատուկ է 60-ականներին Գոդարի, Դե Սիկայի, Մելվիլի, Փիթեր Բրուքի ֆիլմերում խաղացած կերպարներին: Իսկ Բելմոնդոն միշտ համարել է, թե այսպես կոչված, հոգեբանական խորք ցուցադրելը շատ հեշտ է կինոյում. մշուշոտ հայացք, դողդոջուն ձայն, անշարժ ու մտացրիվ դեմք. սրանից էլ հեշտ բա՞ն: Բայց մարդկանց ժամանց պարգեւելը, երբ նկարահանումը նշանակված է առավոտյան ժամը 7-ին, թունդ սառնամանիքին եւ այսպես` քանի-քանի օր անընդմեջ, այնքան էլ հեշտ չէ: Չգիտեմ` դա Արվե՞ստ է մեծատառով ու ինձ կապահովի՞ հետմահու փառքով, թե` ոչ, բայց մտադիր եմ շարունակել նույն ոգով: Տրուբադուրյան այս հավատարմությունը սրտի տիրուհուն` Բելմոնդոյին, իրոք, ֆրանսիական էկրանի Սիրանո դը Բերժըրակն է դարձնում, որի դերը բախտ չվիճակվեց խաղալ կինոյում, եւ նա վիթխարի հաջողությամբ, ի վերջո, խաղաց բեմում: Մի քննադատ, շոշափելով նրա սիրանոյական երկակիությունը, գրել է. Բելմոնդոն պարզապես նրբորեն թաքցնում է, որ իսկական դերասան է` գերադասելով կասկադյոր համարվել, հնարքների վարպետ: Անդուլ խիզախությամբ ու անվեհեր փայլով նա բռնցքամարտում էր ու սուսերամարտում, քառատրոփ արշավում ձիով, բեռնատար ու օդանավ վարում, 15 մետր բարձրությունից նետվում էր ջուրն ու կախվում ուղղաթիռին կապված ճոպանից, գոտեմարտի բռնվում վագրի հետ` նրան փաղաքուշ խոսքեր ասելով, վազում էր ընթացող գնացքի տանիքին ու մագլցում երկնաքերի քիվերով: Պտտվում էր սյուժեների կարուսելն անդադրում, եւ դետեկտիվների ու կատակերգությունների, արկածային ժապավենների ու ոստիկանական ֆիլմերի անվերջանալի շրջապտույտում, միջնադարյան կամզոլով լիներ, բարձրաշխարհիկ գայթակղիչի ֆրակով, թե մերօրյա բաճկոնով, նորից ու նորից հայտնվում էր իր առնականությունը հպարտորեն ցուցադրող Բելմոնդոյի հերոսը` իսկական տղամարդ, ավելին, կիսաստված, գերմարդ` թշնամիների համար իսպառ անխոցելի, իսկ կանանց համար` ուղղակի անդիմադրելի: Բելմոնդոն հավատացած էր, թե ռոմանտիզմն աննախադեպ պահանջարկ ունի ժամանակակից աշխարհում: 20-րդ դարում` ամենազոր գիտության ու համընդհանուր կանոնակարգման ժամանակներում, արդեն տարիքն առած ու կնճռապատ մի մարդ պատանու անխոհեմության չափ հախուռն եռանդով անձնավորում էր արկածախնդրության հրապուրիչ ուժի եւ նույնիսկ անխուսափելիության թեման` ի հակակշիռ գորշ ու միապաղաղ առօրյայի: Կյանքի ու մահվան եզրագծին լարախաղի ելած այդ մարդը ինքն էր իր միակ զինակիցն ու ապավենը, որովհետեւ հասկացել էր` այս աշխարհում կարող ես վստահել միայն ինքդ քեզ, սեփական ճարպկությանդ ու մկաններիդ, սեփական տրամաբանությանդ:
Տխուր եզրակացություն է` հակառակ խրոխտ բելմոնդիզմի: Դրա համար էլ, երբ Ժորժ Լոտների Պրոֆեսիոնալը ֆիլմում Բելմոնդոյի հանրածանոթ դիմակը հանկարծ ընկնում էր, այդ դիմակի տակ նրա հոգնած դեմքն էր հայտնվում: Այսպես Սիրանոյի զավեշտական կերպարանքի տակ մեծ պոետի ու սիրահարի նրա տրտմությունն էր պահված, չպարպված էությունը:

Զավեն Բոյաջյան



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 06-12-2006, 00:32   #25
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Ալմոդովարը լավագույն ռեժիսորն է, բայց տանուլ տվեց նորելուկին



Շաբաթ, դեկտեմբերի 2-ին Եվրոպական կինոակադեմիան Վարշավայում բաշխեց իր մրցանակները, որոնք մի ժամանակ Ֆելիքս էին կոչվում, իսկ հետո դարձան պարզապես անանուն:
Ասենք, պաշտոնական շրջանակներից դուրս այս մրցանակներն անվանում են եվրոպական Օսկար, թեեւ իրենց համբավով սրանք դեռ շատ զիջում են Ամերիկյան կինոակադեմիայի փառաբանված ոսկեզօծ արձանիկներին: Ինչեւէ, 1989-ին Ինգմար Բերգմանի հիմնադրած Եվրոպական կինոակադեմիան, որն այժմ 1700 անդամ ունի, իսկ նախագահը գերմանացի անվանի ռեժիսոր Վիմ Վենդերսն է, ամեն տարի ի մի է բերում եվրոպական կինոյի ձեռքբերումները` ի հակակշիռ Հոլիվուդի եւ առանձնացնում նրանց, ովքեր խրախուսման են արժանի Եվրոպայի կինովարկը ամենաթափանց ամերիկանիզմի ֆոնին բարձր պահելու համար:

Այս անգամ ամենամեծ մրցամարտը ծավալվել էր երկարաշունչ անուն ազգանունով մի սկսնակ գերմանացի ռեժիսորի` Ֆլորիան Հենքել ֆոն Դոներսմարքի Ուրիշների կյանքը եւ կինոաշխարհի ամենահայտնի իսպանացի, կրկնակի օսկարակիր Պեդրո Ալմոդովարի Վերադարձ ֆիլմերի միջեւ: Ուրիշների կյանքը այս տարվա մայիսին Գերմանիայում յոթ Լոլա է վաստակել` երկրի բարձրագույն կինոպարգեւը, որը, իր հերթին, համարվում է գերմանական Օսկարը: Իսկ Վերադարձը, նույնպես մայիսին, Կաննի փառատոնում լավագույն սցենարի մրցանակ բերեց Ալմոդովարին եւ լավագույն դերասանուհիների տիտղոս` ֆիլմում ընդգրկված դերակատարուհիների ընտանիքին:

Եվրոպական կինոակադեմիայի մրցույթում երկուսն էլ մրցանակի էին հավակնում վեց անվանակարգում: Թեեւ Վերադարձին շնորհված պարգեւները աշխարհի թիվ մեկ կինոփառատոնում շատ ավելի հեղինակավոր են, քան այն, ինչ բաժին է ընկել Ուրիշների կյանքին հայրենիքում, 2006-ի լավագույն ֆիլմի կոչման համար մղված մրցապայքարում կենդանի դասական Ալոմոդովարը զիջեց գերմանացի նորելուկին: Ավելին, Ուրիշների կյանքը, որ պատմում է, թե արեւելագերմանական Շտազին` անվտանգության ծառայությունը, ինչպես է ներգործել ուրիշների` հասարակ մարդկանց կյանքի վրա, պարտության մատնեց եւ այլ երեւելի մրցակիցների, այդ թվում` Կաննի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Քեն Լոուչի Գարին ալեկոծող քամին, Բեռլինյան փառատոնի Ոսկե արջի դափնեկիր Յասմիլա Ժբանիչի Գրբավիցան: Ֆլորիան Հինքել ֆոն Դոներսմարքը մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ասաց, թե առանձնակի հաճույքով է պարգեւն ընդունում, քանի որ իր հայրը ծնվել է այդ երկրում:

Վարշավյան արարողությունը դարձ էր ի շրջանս յուր, սեփական արմատներին եւս մի ռեժիսորի` հռչակավոր Ռոման Պոլանսկու համար, որ ծագումով լեհական հրեա է եւ 1963-ին է Լեհաստանից արտագաղթել Արեւմուտք: Նրան մրցանակ շնորհվեց` ի նշանավորումն կյանքի ընթացքում ձեռք բերած ստեղծագործական նվաճումների: Կնամեծար Պոլանսկին իր մրցանակը նվիրեց Պենելոպե Կրուսին, որը լավագույն դերասանուհի ճանաչվեց Ալմոդովարի Վերադարձի գլխավոր դերակատարման համար` ձեռնունայն թողնելով Նատալի Բային, Սառա Փոլիին եւ պակաս ճանաչված մյուս մրցակցուհիներին: Ամենահետաքրքիրը Պոլանսկու ջենթլմենյան ժեստին ուղեկցող ձեւակերպումն էր. նրա խոստովանությամբ, Պենելոպեն մարմնավորում է այն աներեւակայելի կանանց, որ շրջապատել են իրեն մանկության տարիներին: Եթե նկատի առնենք, որ Կրուսն Ալմոդովարի ֆիլմում խաղում է իտալական նեոռեալիզմի անմոռանալի կանանց եւ առաջին հերթին, Աննա Մանյանիի ոգով, ուրեմն պիտի ենթադրել, որ նացիստական օկուպացիայի մղձավանջով անցած Ռոմանին աննամանյանիներ են շրջապատել:

Ալմոդովարն ինքն էլ զուրկ չմնաց մրցանակից, թեեւ նա արդեն, անկասկած, իր մրցանակները դնելու տեղ չունի: Դոն Պեդորն հերթական անգամ ճանաչվեց լավագույն ռեժիսոր: Նրա մրցակիցներն էին նույն Ֆլորիան Հենքել ֆոն Դոներսմարքը, Քեն Լոուչը, Մայքլ Ունիթերբոթոմը, Էմանուելե Կրիալեզեն: Իռլանդացի դերասան Սիլիան Մըրֆիի բախտն էլ չբերեց: Թեեւ նա լավագույն դերասանի տիտղոսին էր հավակնում միանգամից երկու դերակատարման համար (Նախաճաշ Պլուտոնի վրա եւ Գարին ալեկոծող քամին ֆիլմերում), այդ տիտղոսին տեր դարձավ 56-ամյա Ուլրիխ Մյուեն` սակավածանոթ մի գերմանացի դերասան, որը Ուրիշների կյանքի գլխավոր դերակատարն է եւ ակադեմիկոսներին շատ էր դուր եկել գաղտնի ոստիկանության գործակալի դերում: Ուրիշների կյանքը բացահայտորեն Եվրոպական կինոակադեմիայի սիրելին էր դարձել, որովհետեւ Ֆլորիան Հենքել ֆոն Դոներսմարքը մի մրցանակի էլ արժանացավ որպես լավագույն սցենարի հեղինակ:

Մրցանակներ ստացան նաեւ օպերատոր Բարի Աքրոյդը` Գարին ալեկոծող քամու, պրոդյուսեր Ջերեմի Թոմասը` համաշխարհային կինոյում ներդրած ավանդի համար եւ այլք: Կինոքննադատներն իրենց մրցանակը շնորհեցին ֆրանսիացի Ֆիլիպ Գարելի Մշտական սիրեցյալները ֆիլմին, իսկ հանդիսատեսները, այնուամենայնիվ, լավագույն ֆիլմ համարեցին Ալոմոդովարի մելոդրամը: Դե, Ալմոդովարը, առաջին հերթին, աշխատում է հենց հանդիսատեսների համար:

Զավեն Բոյաջյան



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 11-02-2007, 00:52   #26
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Ռացինգերի ծածկագիրն ընդդեմ Դա Վինչիի ծածկագրի



Իտալական մամուլում այս գիրքն արդեն կնքել են Ռացինգերի ծածկագիրը վերնագրով: Մի կողմից, որովհետեւ Բենեդիկտոս 16-րդի սպասվող գիրքը, որ նվիրված է Հիսուս Նազովրեցուն, պետք է իր ավանդը ներդնի քրիստոնեության ակունքների մասին Դա Վինչիի ծածկագրի շուրջը բորբոքված բանավեճում:
Մյուս կողմից էլ, որովհետեւ ամերիկյան թարգմանությունը լույս կընծայի Random House հրատարակչական խումբը, որը Դեն Բրաունի բեսթսելերի հրատարակման իրավունքների տերն է, մի գրողի, որի սրբապիղծ թեզիսները ստիպեցին ցնցվել կաթոլիկական եկեղեցուն:

Նյույորքյան հրատարակչության հավաստիացմամբ, որը 400 էջանոց աշխատության լույսընծայման օրը մարտի 27-ն է հայտարարել, Պապը նախաբանում զգուշացնում է, որ այս գիրքը պարզապես սեփական հետազոտությունների արգասիքն է: Աշխատանքի մեծ մասը դեռ 2003-ին` մինչեւ 2005-ի ապրիլին պապական գահ բարձրանալը գրած աստվածաբանը այն միտքն է պնդում, որ Քրիստոսի կերպարը` Ավետարանների մատուցմամբ, շատ ավելի տրամաբանական է եւ պատմական տեսանկյունից` շատ ավելի հասկանալի այն փոխակերպումներից, որոնց բախվեցինք վերջին տասնամյակներին: Նա Քրիստոսի մահից մի քանի տասնյակ տարի անց ավետարանիչների նկարագրած կերպարը համարում է խելամիտ եւ համոզիչ:

Պապ Բենեդիկտոս 16-րդի անդրանիկ գրքի հեղինակային իրավունքները պատկանում են Վատիկանի գրադարանին, որը դրանք զիջել է RCS Libri-ին` Rizzoli Corriere della Sera խմբի հրատարակչական տանը` վերջինիս պարտավորեցնելով ապահովել գրքի առեւտրային տարածումն արտասահմանում: Միացյալ Նահանգներում դրանով զբաղվում է Random House-ի մասնաճյուղ Double Day-ը, որը մասնագիտացած է կրոնական գրականության մեջ: Հենց Double Day-ն էլ կհրատարակի Հիսուս Նազովրեցի. Հորդանանի Մկրտությունից մինչեւ Պայծառակերպություն գիրքը:

Իտալիայում Rizzoli-ն նախատեսել է գիրքը լույս ընծայել մարտի վերջին: Ֆրանսիայում հրատարակման իրավունքները ձեռք է բերել Flammarion հրատարակչական տունը:

Ռացինգերի ծածկագիրը, որ Դեն Բրաունի գրքի հակոտնյան է հռչակվել, կդառնա՞ արդյոք համաշխարհային բեսթսելեր:

Այնքան էլ հեշտ չի լինի մրցակցել ամերիկյան վեպի ռեկորդային համբավի հետ. Դա Վինչիի ծածկագրի 30 միլիոն օրինակ է վաճառվել, բայց նոր Պապը ինքն էլ վատ չի վաճառվում: Աստված սեր է (Deus caritas est) վերնագրված նրա առաջին շրջաբերականը, լույս տեսնելով անցյալ տարի, մեծ հաջողություն ունեցավ: Հունվարի 29-ին հրապարակված թվերի համաձայն` ամբողջ աշխարհում վաճառվել է 1, 45 միլիոն օրինակ: Փաստաթուղթը երիցս վերահրատարակվել է գերմաներեն եւ իսպաներեն, երկու անգամ էլ` լեհերեն: Շրջաբերականը հրատարակվել է նաեւ կույրերի համար նախատեսված Բրեյլի այբուբենով:

Le Monde



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 11-02-2007, 05:49   #27
Miqayel
 
Miqayel's Avatar



Join Date: Feb 2006
Age: 35
Posts: 157
Rep Power: 12

Miqayel is on a distinguished road

Send a message via ICQ to Miqayel Send a message via AIM to Miqayel Send a message via MSN to Miqayel Send a message via Yahoo to Miqayel Send a message via Skype™ to Miqayel
Miqayel is offline
Default

A ..
....
..
Reply With Quote

Old 13-02-2007, 00:45   #28
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Մենակությունն անելիք չունի մենության հետ



Վերջերս լրացավ 20-րդ դարի խորհրդանշական դեմքերից մեկի, լեգենդար Մառլեն Դիթրիխի ծննդյան 105-ամյակը: Ներկայացվող հատվածը 1987-ին Մառլենի հրապարակած Ես կամ, փառք Աստծու ինքնակենսագրական գրքից, որ ներկայացնում է նրա աստեղային շուքի եւ ծածուկ երեսը, նվիրված է այդ տարելիցին:

Առհասարակ, ես ուժեղ մարդ չեմ: Ինձ շատ հեշտ է շփոթմունքի մատնել: Բավական է, որ մեկն ուսը թոթվի, եւ ես արդեն նահանջում եմ: Բայց արդեն մի րոպե անց պատրաստ եմ գլուխս վտանգի տալ:

Ես առյուծ եմ կտրում, երբ խոսքը սկզբունքներս կամ բարեկամներիս պաշտպանելու մասին է: Եթե տեսնեմ, որ ընկերս փորձանքի մեջ է, ջանք չեմ խնայի, որ փրկեմ նրան:

Չէ, չէ, ես բոլորովին ուժեղ մարդ չեմ: Ուժեղ եմ համոզմունքներիս մեջ, բայց բավականաչափ ուժեղ չեմ, եթե գործ ունեմ սեփական կյանքիս ողբերգության հետ:

Մյուսների ողբերգությունն ստիպում է, որ ինձ արիաբար պահեմ: Բայց երբ այդ ողբերգությունը վերաբերում է անձամբ ինձ, իսկույն կասկածներ են ծնվում: Սա թուլություն է, որն ի վիճակի չեմ հաղթահարել: Դրա մեջ իմ մեղքը չեմ տեսնում: Մեզ մանկուց սովորեցրել են, որ կարեկցանքը մեր հանդեպ արգելված բան է, եւ կարիք չկա մյուսներին ծանրաբեռնել սեփական հոգսերով: Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից շատերին, նրանք հեռացան կյանքից: Կորցրի ամուսնուս, եւ դա իմ ամենադառը, ամենամեծ կորուստն էր: Կորուստները նշանակում են մենություն: Սիրտդ ցավում է, երբ այլեւս չես կարող լսափողը վերցնել` այն ձայնը լսելու համար, որը կարոտում ես: Այս ցավն սկսում է հոգեմաշ անել: Ինձ պակասում են Հեմինգուեյը, առույգությամբ համակող նրա հումորը` չնայած մեզ բաժանող ամբողջ տարածությանը: Ինձ պակասում են կատակներով համեմված նրա խորհուրդները, բարի գիշերվա նրա մաղթանքները: Ես դեռ լսում եմ նրա ձայնը: Անկարող եմ հաշտվել նրա կորստի հետ: Այս զայրույթն ինձ չի օգնում երկար, անքուն գիշերներին: Իսկ ի՞նչը կօգնի: Պատասխանը ոչ ոք չգիտի: Ինչ էլ որ գրեն գրքերում, պատասխան չկա: Ոչ մի պրոֆեսոր, ինչպես Հեմինգուեյն էր նրանց կոչում, չի կարող լուծել մարդու խնդիրները. միայն արդեն խճճվածը ավելի կխճճի: Ահ, մեր կյանքի այդ կորած տարիները... Հիմա են մեզ կորած թվում, բայց այն ժամանակ դա չէինք հասկանում. պարզապես ապրում էինք մեր հաճույքի համար` չգիտակցելով, որ ժամանակն անցնում է: Բոլոր ժամանակներում էլ երիտասարդ սերունդն այդպես է ապրում:

Ամեն օր նորից ու նորից եմ ապշում վշտի ուժի ու կենսունակության վրա: Ժամանակը բոլոր վերքերս չէ, որ բուժում է: Իսկ սպիները ցավում են ճիշտ վերքերի պես` նույնիսկ շատ տարիներ անց:

Գլուխդ բարձր, Ատամներդ սեղմիր, Դա էլ կանցնի, Քեզ հավաքիր. այս ամենը քիչ է օգնում: Միակ բանը, որ կարելի է անել, սրտիդ շուրջը մի բոժոժ ստեղծելն է, մտքերին արգելելու փորձը, որ անցյալի գիրկը դառնան:

Չարժե հույս դնել ուրիշների կարեկցանքի վրա: Կարելի է առանց այդ ուրիշների էլ գլուխ հանել: Այդպես է, հավատացեք ինձ:

Մնում է մենությունը: Ժան Կոկտոն ասում էր, թե իմ մենությունը ինքս եմ ընտրել: Նա իրավացի էր: Հեշտ է, երբ չորս կողմդ մարդիկ են, մանավանդ եթե նշանավոր դեմք ես: Ինձ դուր չէր գալիս, երբ շուրջս մարդիկ էին պտտվում: Բայց մենությունը հեշտ ճակատագիր չէ: Օրեր կամ գիշերներ են լինում, երբ հավատում ես, որ մենությունից լավ բան չկա, բայց հետո վրա են հասնում օրեր ու գիշերներ, որոնց դժվար է մեն-մենակ դիմանալ: Մենակությունից կարելի է խույս տալ, մենությունից` ոչ: Մենակությունն անելիք չունի մենության հետ: Կարելի է լցնել դատարկությունը, ինչպես դատարկ տունն են լցնում: Բայց չի կարելի փոխարինել այն մարդու ներկայությունը, որ եղել է այդ տանն ու կյանքին իմաստ տվել: Որոշ ժամանակ անց վարժվում ես մենությանը, բայց դրա հետ դժվար է հաշտվել:

Ցավդ լալով ես ամոքում, այնպես, որ ոչ ոք չտեսնի, եւ ոչ ոք չգիտի դրա մասին, դա ոչ ոքի պետք չէ: Ես դաստիարակվել եմ այն հավատով, թե ամեն մարդ ինքն է պատասխանտու իր սխալների ու թերությունների համար եւ այսպիսով, պետք է տառապի հիմա ու հետո: Դրա համար էլ ուրիշ ոչ մեկի չեմ կարող մեղադրել ու անվնաս մնալ: Չէ, անվնաս չեմ: Ես, որ ի խորոց վիրավոր եմ, որ փրկություն եմ թախանձում, հույս ունեմ, թե վերքերս շուտով ավելի քիչ կցավեն:

Եթե խոսեմ ընտանիքիս ու բարեկամներիս մասին, ինձ երջանիկ եմ համարում: Նրանք կողքիս են` ոչինչ չպահանջելով իրենց համար, հավատարիմ ու հուսալի, որքան էլ դա դժվար է մեր եռուն, անհանգիստ աշխարհում: Ես սրտանց շնորհակալ եմ նրանց` իմանալով, թե ինչ խոչընդոտներ կան նրանց ճանապարհին, որ հաղթահարում են: Իհարկե, կուզեի այս գիրքը ուրախ, նույնիսկ հրճվալից գույներով գրել: Ավաղ, չստացվեց: Մեր աշխարհը շարունակ բորբոքված է: Նախագահները գալիս են ու գնում: Շատ խոստումներ մնում են չկատարված: Մենք պետք է ապավինենք միայն մեզ: Իմ երկար կյանքի ընթացքում ես ճանաչել եմ ահաբեկության տարբեր տեսակներ: Սիրտս արյունով է լցվում, երբ հիշում եմ մահվան հիտլերյան ճամբարներ ընկածներին: Մնում է մի բան. սեփական սկզբունքներն ու համոզմունքներն ունենալ եւ ամբողջ կյանքում ինքն իրեն հավատարիմ մնալ: Դրա համար բավականին քաջություն է պետք: Այս գիրքը ոչ միայն իմ մասնագիտության աշխարհին ուղղված հայացք է, այլեւ շրջակա աշխարհը գորտի տեսանկյունից նկարագրելու փորձ:

Մի խելոք գրող ասել է. Գրիր լոկ այն, ինչ գիտես:

Զավեն Բոյաջյան



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 16-02-2007, 00:05   #29
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Նավապետ Ջեք Լիտվինենկոն


Մուահհհհ, շատ եմ սիրում իրան

Ջոնի Դեփը մտադիր է ֆիլմ նկարահանել Բորիս Բերեզովսկու ընկերոջ, ՊԱԿ-ի գործակալ, Ռուսաստանի Դաշնության թշնամի եւ պոլոնիում-210-ի զոհ Ալեքսանդր Լիտվինենկոյի մասին: Warner Bros կինոընկերությունը գնել է անգլիացի լրագրող, New York Times-ի լոնդոնյան թղթակից, Լիտվինենկոյի մասին մի քանի հոդվածների հեղինակ Ալան Քոուելի դեռեւս չգրված գրքի էկրանացման իրավունքը` դա Ջոնի Դեփի Infinitum Nihil պրոդյուսերական ընկերությանը փոխանցելու համար:
Սաշայի պատմությունը. ռուս լրտեսի կյանքն ու մահը վերնագրով գիրքը ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի մինչեւ տարեվերջ:

Այս ամենը հայտնող Variety ամենագետ հրատարակությունը ենթադրում է, որ, ինչպես Դեփ-պրոդյուսերի գրեթե բոլոր այլ նախագծերի դեպքում, Կարիբյան ծովահենները գերշահութաբեր արկածային ֆիլմի աստղը կխաղա գլխավոր դերը կամ, առնվազն, գլխավոր դերերից մեկը: Ուրեմն նավապետ Ջեք Ճնճղուկին վիճակված է Ջեք Լիտվինենկո դառնալ: Քննադատներն արդեն ձեռքերն են շփում` պատկերացնելով լիովին ճաղատ ու անհոնք Ջոնի Դեփին` կրծքից դուրս ելնող խողովակներով եւ հեռուսախցիկների ոսպնյակների միջով ՊԱԿ-ի գործընկերոջը` Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ուղղված կշտամբալից հայացքով: Ասում են, Ջոնի Դեփը ուշի-ուշով հետեւել է Լիտվինենկոյի պատմությանը` թե փախստականի խորհրդավոր հիվանդությանն ու տանջալից մահվանը եւ թե անգլիացիների ու ռուսների վարած զուգահեռ հետաքննություններին: Բայց ո՞վ չի հետեւել:

Ինչեւէ, այս պատմության մեջ ուրիշ հետաքրքիր պահեր էլ կան: Օրինակ, հենց գրքի հեղինակը եւ սցենարի հեղինակներից մեկը` Ալան Քոուելն է հորինել Լոնդոնգրադ բառը եւ ձվանման երկու երկնաքերներով զարդարված միգապատ քաղաքը անվանել Ռուսաստանի լիբերալ ֆորպոստ: Նա է գրել նաեւ Ֆլիթ սթրիթի` անարգանքի այն փողոցի սրտառուչ մահախոսականը, որը նախ մի քանի հարյուր տարի Լոնդոնի գլխավոր կոյուղին էր, իսկ 2 հարյուր տարի` թերթերի ու հանդեսների փողոցը: Ասենք, հիմա բոլոր խմբագրություններն այնտեղից տեղափոխվել են, դրա համար էլ մահախոսականի հարկ է առաջացել: Բացի այս ամենից, Քոուելը վերջին լրագրողն էր, որը Reuters-ում աշխատելիս թղթակցությունն ուղարկել է փոստային աղավնու միջոցով:

Շատ հետաքրքիր է նաեւ, թե ովքեր կխաղան Լիտվինենկոյի պատմության մյուս գլխավոր հերոսների` նախագահ Պուտինի եւ աքսորյալ օլիգարխ Բերեզովսկու դերերը: Որոշ աղբյուրներ էլ հավաստիացնում են, թե հանգուցյալին կմարմնավորի ոչ թե Ջոնի Դեփը, այլ Դանիել Քրեյգը, որը փոխեց մեր պատկերացումները Ջեյմս Բոնդի մասին` որպես մետրոսեքսուալի, եթե չասենք ավելին: Բայց սա իրականում բոլորովին այլ պատմություն է. այս խոսակցությունները սկսվել են դեռ անցյալ տարի: Խոսքը իր` Լիտվինենկոյի Անվտանգության դաշնային ծառայությունը պայթեցնում է Ռուսաստանը գրքի էկրանացման մասին է: Պատմաբան Յուրի Ֆելշտինսկու հետ գրված այս գիրքը հունվարի 19-ին արդեն կհրատարակվի Անգլիայում եւ բեսթսելեր դառնալու բոլոր հնարավորություններն ունի. դե, ուրիշ ի՞նչ կարող է կատարվել մի գրքի հետ, որտեղ թունավորված լրտեսը սեփական հատուկ ծառայությանը եւ սեփական պետությանը 1999-ին Մոսկվայում եւ Վոլգոդոնսկում բնակելի շենքեր պայթեցնելու եւ քաղաքացիներին սպանելու մեղադրանք է ներկայացնում: Իսկ էկրանացման իրավունքը, լոնդոնյան The Times-ի հաղորդմամբ, վաճառվել է Braun Rntertainment Group ընկերությանը, որը ոչ մի առնչություն չունի Ջոնի Դեփի հետ:

Փաստորեն դուրս է գալիս, որ մոտ ժամանակներս Լիտվինենկոյի մասին միանգամից երկու ֆիլմ կնկարահանվի: Իսկ առայժմ Դեփի ամենախոստումնալից նախագիծն ուրիշ է: Նա գնել է Գրեգորի Դեյվիդ Ռոբերտսի Շանտարամ գրքի էկրանացման իրավունքը: Այս անասելի երկար ու բավական անմիտ վեպը ոմն ավստրալիացու մասին է, որն իր ավստրալիական բանտից փախել է Հնդկաստան` Բոմբեյի հետնախորշերում բժիշկ, մաֆիայի պարագլուխ եւ ապա` աֆղան մոջահեդ դառնալու համար: Չգիտես ինչու թվում է, թե այս կերպարը Ջոնի Դեփին շատ ավելի կսազա, քան Ազատությունն Ընտրած Մարդու դերը:

Զավեն Բոյաջյան



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Old 20-02-2007, 23:43   #30
Aurora
 
Aurora's Avatar



Join Date: Feb 2006
Location: Եթովպիա
Posts: 1,637
Rep Power: 13

Aurora will become famous soon enough

Send a message via ICQ to Aurora
Aurora is offline
Default Ես ստեղծված էի հաջողության, բայց ոչ երջանկության համար



Ալեն Դելոնը վերադառնում է Մարինյի փարիզյան թատրոնի բեմ: Նա պատրաստվում է ամերիկացի գրող Ռ. Ջ. Ուոլերի Մեդիսոնի ճանապարհին վեպի բեմական տարբերակի պրեմիերային:
Այս ստեղծագործությունը, որ հրատարակվել է 39 լեզուներով եւ վաճառվել 12 միլիոն օրինակ տպաքանակով, լուսանկարչի եւ ամուսնացած կնոջ կրքոտ, բայց անհաջող սիրո պատմությունն է: 1995-ին վեպն արդեն դարձել է Քլինթ Իսթվուդի եւ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ նկարահանված Մեդիսոն շրջանի կամուրջները ֆիլմի գրական հենքը:

Փարիզյան բեմում Դելոնը սիրային զույգ կկազմի Միրեյ Դարկի հետ: Ֆրանսիական կինոյի երբեմնի մեծ աստղը չի թաքցնում, որ Դարկին ու իրեն մի ժամանակ հենց իսկական սերն է կապել: Այդ սիրավեպը սկիզբ է առել 1969-ին Ժան Էրմանի Ջեֆ ֆիլմի նկարահանման հրապարակում: Դա խենթ սիրո պատմություն էր, - խոստովանում է Ալեն Դելոնը, - ուստի մենք չենք խաղում այս պիեսում, մեզ համար սա իսկական կյանքի նման է: Այն խոսքերը, որ ասում են միմյանց սիրահարված հերոսները, մեր խոսքերն են իրականում:

Ներկայացման ռեժիսորը Անն Բուրժուան է: Նրա մասին Դելոնը հաճույքով պատմում է, թե դա միակ կինն է, որի հետ իրեն հաջողվում է արդեն մի քանի տարի առանց խնդիրների աշխատել: Հենց Բուրժուան է դարձյալ Մարինյի թատրոնում բեմադրել Ռուսական բլուրներ ներկայացումը, որի գլխավոր դերակատարն էր Դելոնը մեկ տարի առաջ: Նա ընդգծել է, որ շատ է սիրում այս թատրոնը, միշտ ավելի երկար է մնում այնտեղ, քան պահանջում է աշխատանքը: Թատրոնում ես միշտ այն զգացումն ունեմ, թե ինձ ոչ մի դժբախտություն չի պատահի, - պատմում է Դելոնը, որն այս տարի կբոլորի կյանքի 72 տարին:

Լուսանկարիչ Ռոբերտ Քինքեյդի դերն ինձ համար խորապես ինքնակենսագրական է, - նշել է Դելոնը Le Figaro-ին տված հարցազրույցում: - Ռոբերտը հենց ես եմ, մի մարդ, որ միշտ ճանապարհին է, լքում է սիրուհուն, բայց չի մոռանում իր սերը: Նա վճռական, բայց միաժամանակ սենտիմենտալ մարդ է: Քլինթ Իսթվուդի մասնակցությամբ ստեղծված ֆիլմը Դելոնին դուր է եկել, բայց նա հատուկ չի ցանկացել դերի վրա աշխատելիս կինոնկարը վերանայել` իր մեկնաբանության մեջ ազատ լինելու համար: Դրամատուրգներ Դիդյե Կարոնը եւ Դոմինիկ Դեշանը, վեպի բեմական տարբերակն ստեղծելով, նախընտրել են հենվել հենց գրական սկզբնաղբյուրի վրա` զերծ մնալով ֆիլմի որոշակիորեն տարբեր սյուժետային կառույցից:

Սկսեցի կարդալ պիեսն ու այլեւս չկարողացա կանգ առնել: Իսկույն հասկացա, որ խաղընկերուհիս կարող է միայն Միրեյ Դարկը լինել: Անմիջապես զանգահարեցի նրան, եւ Միրեյը համաձայնեց, - պատմում է Դելոնը: Այժմ, փորձերն ավարտելուց հետո դերասանուհին խոստովանում է, թե պրեմիերայից առաջ մեծ հուզմունք է ապրում, քանի որ ավելի քան քսան տարի չի խաղացել բեմում: Բայց Դելոնը ոգեւորված է: Բեմն ինձ համար լավագույն դեղամիջոցն է: Բեմում մոռանում ես բոլոր տհաճությունները: Ոմանք դրա համար սպորտով են զբաղվում, իսկ ես խաղում եմ թատրոնում: Բեմն ինձ ավելի լավն է դարձնում, - հավաստիացնում է տարիքն առած դերասանը, որի համար դժվարին ժամանակներ են եկել: 2005-ին` 70-ամյակից մի երկու ամիս առաջ, Դելոնը Paris Match-ին տված հարցազրույցում սիրտը դատարկել էր, թե հոգնել է կյանքից եւ մտադիր է ինքն ընտրել իր մահվան ժամը եւ ոչ թե սպասել, թե Տեր Աստված երբ կկանչի իրեն: Տրտմության գիրկն ընկած` նա հրաժարվեց Լյուդովիկոս 15-րդի դերից, որն առաջարկում էր Սոֆյա Կոպոլան` Մարի Անտուանետի մասին պատմող իր ֆիլմում: Ես պատկանում եմ դինոզավրերի սերնդին, որոնց տապալեցին թզուկները:

Իմ կինոն մեռել է, ես էլ` նրա հետ: Այդ կինոն սպանեցին փողը, առուծախը, հեռուստատեսությունը, - համոզված է Դելոնը:

Նա խոստովանել է, թե փնտրում է այնպիսի կնոջ, որը կկարողանար իր կողքին լինել: Խոսքը 25-ամյա գեղեցկուհու մասին չէ, որին պետք է ամեն ինչ սովորեցնել: Դելոնը կարոտ է ավելի հասուն` խելոք, կրթված, նուրբ ու քնքուշ կնոջ: Ես ուզում եմ, որ ինձ այնպես սիրեն, ինչպես ես եմ միշտ սիրել` հոգուս ամբողջ ուժով, - ասում է նա: - Այն ամենը, ինչին հասել եմ կյանքում, հանուն կանանց եմ արել: Ձգտել եմ նրանց աչքերում ավելի գեղեցիկ, ուժեղ, առնական լինել, քան կամ իրականում: Ծարավի էի նրանց հիացմունքը տեսնելու:

Կանայք ամեն ինչ էին նրա կյանքում, - հաստատում է իտալական La Repubblica-ն: Դելոնը սիրո երկու մեծ պատմություն է ապրել` Ռոմի Շնայդերի եւ մանեքենուհի Նատալի Բարտելմի հետ, որը դարձավ նրա ավագ որդու` Անտոնիի մայրը եւ մի ժամանակ խաղում էր կինոյում Նատալի Դելոն անվամբ: Շատերը հիշում են եւ Դելոնի անվերջանալի սիրավեպերը, այդ թվում` Միրեյ Դարկի ու Լյուկ Բեսոնի ֆիլմի Նիկիտայի` Անն Պարիյոյի հետ: Ես ապրել եմ այն կանանց հայացքի տակ, ովքեր կողքիս էին: Այն ամենի համար, ինչ հաջողվել է ինձ անել կյանքում, պարտական եմ բոլոր ընկերուհիներիս, - ասում է Դելոնը: Բայց կինոն արդեն փակված գլուխ է նրա համար: Դելոնը մեկուսի կյանք է վարում Լուարի հովտի իր հսկայական կալվածքում` Դուշիում կամ Լեմանո լճի ափին գտնվող իր շվեյցարական առանձնատանը: 2002-ին, 15-ամյա համատեղ կյանքից հետո նրա կողակիցը` հոլանդացի մանեքենուհի Ռոզալի Վան Բրեմենը, հեռացել է երկու զավակների` 17-ամյա Աննուշկայի եւ 13-ամյա Ալեն-Ֆաբիենի հետ: Այդ ամուսնալուծությունը ավերեց ինձ, - չի թաքցնում Դելոնը: Կորցրած ընտանիքի կարոտը նրան տանում է դեպի մանկություն. մայրը երկար ժամանակ նրան թողել էր կաթոլիկական պանսիոնում, երբ բաժանվեց հորից. Ամեն ինչ գալիս է իմ դժբախտ մանկությունից: Երբեմն մտածում եմ արդեն հանգուցյալ մորս մասին ու հարց տալիս նրան. ինչու՞ ինձ այդքան չէր սիրում: Վաղուց այս աշխարհում չեն եւ Դելոնի բարեկամները` Վիսկոնտին, Գաբենը, Վենտուրան, Լանքասթերը, Մոնտանը: Մարլոն Բրանդոյի մահից հետո Դելոնը հայտարարեց, թե ինքն էլ կլինիկական մահ է ապրում: Նրա մենության միակ ուղեկիցները տասնյակ շներն ու Պուպուս կատուն են: Դելոնի համար շները մարդկանց բոլոր արժանիքներն ունեն, բայց զերծ են նրանց թերություններից: Նա նույնիսկ շների գերեզմանոց ունի, որտեղ արդեն 35 ամենահավատարիմ չորքոտանի բարեկամներ են թաղված: Այդ գերեզմանոցը նրա կալվածքում է, մատուռի կողքին, եւ Դելոնը կտակել է, որ իրեն էլ այնտեղ հողին հանձնեն: Ես հաճախ եմ մտածում ինքնասպանության մասին, - պատմել էր Դելոնն իր 70-ամյակի շեմին: Արդեն գիտեմ, թե երբ կհեռանամ: Չէ, ոչ մի խղճահարություն չեմ զգում իմ հանդեպ: Գիտեմ, որ մարդիկ մեռնում են ոչ միայն հիվանդություններից, այլեւ թախծից ու կարոտից: Ես ստեղծված էի հաջողության, բայց ոչ երջանկության համար:

2005-ին սրտանոթային խնդիրների պատճառով Դելոնը հրաժարվեց Ռուսական բլուրներ ներկայացմամբ Ֆրանսիայում շրջագայելու ծրագրից: Դա, նրա խոսքերով, հատուցում էր բժիշկների խորհուրդները չկատարելու համար, չէ՞ որ սիրտը մի մկան է, որին պետք է ստիպես աշխատել:

Բայց այսօր ես ֆիզիկապես տարբերվում եմ նախկին Դելոնից, հոգեպես ու բարոյապես եւս նախկինից լավ վիճակում եմ, - վստահեցնում է նա: - Չնայած տարիքիս, առաջվա պես մնում եմ ռոմանտիկ ու գերզգայուն մարդ: Դելոնին շատ են դուր գալիս իր հերոսի խոսքերը պիեսում. Ես պարզապես փորձում եմ ավելի լավ լուսանկարներ անել եւ այս կյանքից ավելի շուտ հեռանալ, քանի դեռ լիովին չեմ ծերացել եւ ուրիշներին անախորժություններ պատճառել: Սա հենց ես եմ, որ կամ, - հավատացնում է Դելոնը: - Ինձ մնացած ժամանակում ես էլ լիովին կբավարարվեմ մի քանի լավորակ աշխատանքներով` վերջնականապես ծերանալուց առաջ:

Զավեն Բոյաջյան



Oh freedom is mine
And I know how I feel
Reply With Quote

Reply



Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests)
 
Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

vB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Forum Jump


All times are GMT +4. The time now is 08:31.







©2002-2006
Copyright Team MyHayastan.am